Ջորջ Սորոսը Չինաստանի մասին. Հուվեր ինստիտուտում ներկայացված դիտարկումներ
31 Հունվարի, 20222022 թվականի հունվարի 31-ին Հուվեր ինստիտուտում կայացած «Չինաստանը Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին. դժվար ընտրություններ աշխարհի ժողովրդավար երկրների համար» պանելային քննարկման ժամանակ ներկայացվեցին հետևյալ դիտարկումները:
2022 թվականը բեկումնային տարի է լինելու աշխարհի պատմության մեջ: Ընդամենը մի քանի օրից Չինաստանը՝ աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունը, կհյուրընկալի Ձմեռային օլիմպիական խաղերը, և, ինչպես Գերմանիան 1936 թվականին, Չինաստանը կփորձի օգտագործել այս լայնածավալ միջոցառումը՝ ապահովելու իր խիստ վերահսկողական համակարգի քարոզչական հաղթանակը:
Մենք կանգնած ենք կարևոր որոշումների շեմին, որոնք կկանխորոշեն այն ուղղությունը, որով գնում է ամբողջ աշխարհը: Գերմանիայում ընտրություններն արդեն կայացել են, Ֆրանսիայում ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլին։ Այդ նույն ամսին Հունգարիայի ընտրողները, ի հեճուկս բոլոր սպասումների, կարող են իշխանությունից զրկել իրենց ավտորիտար ղեկավարին: Ուկրաինա ներխուժելու Պուտինի հնարավոր որոշման հետ միասին, այս զարգացումները կօգնեն կանխորոշել Եվրոպայի հետագա ճակատագիրը։
Հոկտեմբերին Չինաստանում կայանալիք կուսակցության 20-րդ համագումարը կորոշի, թե արդյոք Սի Ցզինպինը երրորդ ժամկետով կմնա կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այնուհետև, նոյեմբերին ԱՄՆ-ում կանցկացվեն վճռորոշ միջանկյալ ընտրություններ:
Կլիմայի փոփոխությունն աշխարհի համար կմնա առաջնահերթ ռազմավարական խնդիր, սակայն ներկայիս գերիշխող աշխարհաքաղաքական առանձնահատկությունը՝ դա միմյանց խիստ հակասող կառավարման երկու համակարգերի միջև սրվող հակամարտությունն է: Այդ կապակցությամբ, թույլ տվեք հնարավորինս պարզ լեզվով բացատրել, թե ինչում է կայանում այդ տարբերությունը:
Բաց հասարակությունում, պետությունը պարտավոր է պաշտպանել անհատի ազատությունը, մինչդեռ փակ հասարակությունում անհատը պետք է ծառայի միակուսակցական պետության ղեկավարներին:
Լինելով Բաց հասարակություն հիմնադրամների հիմնադիր՝ ակնհայտ է, որ ես բաց հասարակության կողմնակից եմ: Սակայն հիմա ամենակարևոր հարցն այն է, թե ո՞ր համակարգն է հաղթելու։
Յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Բաց հասարակություններում խրախուսվում է ստեղծագործ և նորարարական ներուժի բացահայտումը, իսկ փակ հասարակություններում իշխանությունը պատկանում է միակուսակցական կառավարման համակարգով պետությանը։ Դրանք առավելություններն են: Թույլ կողմերն ավելի շատ վերաբերում են տեղական և տարածաշրջանային պայմաններին: Օրինակ՝ Եվրամիության և նրա անդամ երկրների հարաբերությունները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն: ԵՄ-ն պետք է պաշտպանի Թայվանը ճանաչած Լիտվային Չինաստանի ոչ պաշտոնական շրջափակումից, բայց արդյո՞ք ԵՄ-ն դա կանի: Ռազմական ագրեսիայի եզրին կանգնած աշխարհում, թե՛ Ուկրաինայում և թե՛ Թայվանում, բաց հասարակությունների հաղթանակը ինքնին չի տրվում:
Նախագահ Բայդենը ընդհանուր առմամբ ճիշտ քաղաքականություն է որդեգրել։ Նա Պուտինին ասել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին կվճարի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա, բայց ԱՄՆ-ը չի գնա պատերազմի Ուկրաինան պաշտպանելու համար։ Եթե Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա նրա համար ամենամեծ պատիժը կլինի անդրատլանտյան համագործակցության ուժեղացումը։ Բայդենը չի գնա միակողմանի զիջումների, բայց նա շահագրգռված է հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեջ: Ընտրությունը Պուտինինն է:
Միևնույն ժամանակ, Բայդենը Սի Ցզինպինին հասկացրել է, որ, եթե նա ուժ կիրառի Թայվանի նկատմամբ, Չինաստանը ստիպված կլինի դիմակայել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ավելի մեծ դաշինքին, որը կազմված է AUKUS-ից (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) և QUAD-ից, (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Հնդկաստան), ինչպես նաև մի շարք այլ հավանական դաշնակիցներից, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ֆիլիպինները, որոնք դեռևս չեն ստանձնել համատեղ գործողություններ իրականացնելու պարտականությունը: Բոլոր երկրներից Ճապոնիան ամենածավալուն պարտավորությունն է ստանձնել Թայվանի պաշտպանության հարցում:
Մյուս կողմից, Սի Ցզինպինը հայտարարել է, որ վճռական է անհրաժեշտության դեպքում ուժով հաստատել Չինաստանի ինքնիշխանությունը Թայվանի նկատմամբ։ Նա հսկայական միջոցներ է հատկացնում սպառազինությանը։ Վերջերս նա զարմացրեց աշխարհին՝ ցուցադրելով իր հիպերձայնային կառավարվող հրթիռը։
ԱՄՆ-ը նմանատիպ ոչինչ չունի և մտադիր չէ մրցակցել Չինաստանի հետ: Կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն է, քանի որ Սի Ցզինպինի գերձայնային ձեռքբերումը չի փոխում փոխադարձ երաշխավորված ոչնչացման հավասարակշռությունը, որը կկանգնեցնի թշնամիներին հարձակվել միմյանց վրա: Հրթիռը պարզապես քարոզչական հաղթանակ է։ Այս ամենի հետ մեկտեղ մեծացել է ԱՄՆ-ի և նրա թշնամիների միջև պատերազմի հավանականությունը, և սա մտորումների համար ամենահաճելի թեման չէ։
Վերջերս ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը։ Երբ ես սկսեցի զբաղվել այն բանով, ինչն անվանում եմ իմ քաղաքական բարեգործությունը 1980-ականներին, ամերիկյան գերակայությունը հարցականի տակ չէր: Դա այլեւս այդպես չէ։ Ինչո՞ւ։
Պատասխանի մի մասը կարելի է գտնել տեխնոլոգիական առաջընթացի մեջ, որի մեծ մասը հիմնված է արհեստական բանականության (AI) վրա, որը 1980-ականներին իր զարգացման սկզբնական փուլում էր:
Արհեստական բանականության, սոցիալական մեդիայի և տեխնոլոգիական հարթակների զարգացումը տեղի ունեցավ միասին: Արդյունքում ստեղծվել են շատ եկամտաբեր ընկերություններ, որոնք այնքան են հզորացել, որ ոչ ոք չի կարող մրցել նրանց հետ, բայց նրանք կարող են մրցել միմյանց հետ։ Այս ընկերությունները զբաղեցնում են համաշխարհային տնտեսության գերիշխող դիրք: Նրանք բազմազգ են, և նրանց հասանելիությունը տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում: Դրանք մեզ բոլորիս լավ հայտնի են՝ «Facebook», «Google», «Apple» և «Amazon»: Նմանատիպ խոշոր կազմակերպսություններ կան նաև Չինաստանում, սակայն դրանք այդքան էլ հայտնի չեն Արևմուտքում։
Այս զարգացումը քաղաքական լուրջ հետևանքներ է ունեցել։ Այն սրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը և դրան բոլորովին նոր բնույթ է հաղորդել:
Չինաստանն իր տեխնոլոգիական հարթակները վերածել է ազգային առաջնորդ կազմակերպությունների, մինչդեռ ԱՄՆ-ն չի շտապում դա անել, քանի որ այնտեղ մարդիկ մտահոգված են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այս կազմակերպություններն անձի ազատության վրա: Այս տարբեր մոտեցումները նոր լույս են սփռում ԱՄՆ-ը և Չինաստանը ներկայացնող կառավարման երկու համակարգերի միջև առկա հակամարտության վրա:
Տեսականորեն արհեստական բանականությունը բարոյապես և էթիկապես չեզոք է. այն կարող է օգտագործվել բարի կամ չար նպատակներով: Բայց գործնականում դրա ազդեցությունը անհամաչափ է:
Արհեստական բանականությունը լայնորեն կիրառվում է վերահսկման գործիքներ արտադրելու մեջ, որոնք օգնում են ռեպրեսիվ ռեժիմներին և վտանգում բաց հասարակությունները: Հետաքրքրական է, որ կորոնավիրուսի համաճարակը ամրապնդեց ռեպրեսիվ ռեժիմների դիրքերը՝ օրինականացնելով անձնական տվյալների օգտագործումը հանրային վերահսկողության նպատակով:
Հաշվի առնելով այս առավելությունները կարելի էր եզրահանգել, որ Սի Ցզինպինը, ով իր քաղաքացիներին հսկելու համար իրենց անձնական տվյալները հավաքում է ավելի ակտիվ, քան պատմության ցանկացած այլ առաջնորդ, անպայման կհասնի հաջողության։ Նա միանշանակ հենց այդպես էլ կարծում է և շատ մարդիկ հավատում են իրեն: Կցանկանայի բացատրել, թե ինչու դա այդպես չէ: Դրա համար անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կամ կարճ ասած՝ ՀԿԿ-ի պատմությունը:
Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջնորդ Մաո Ցզեդունը նախաձեռնեց միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած «Մեծ Թռիչքը»: Դրան հաջորդեց Մշակութային հեղափոխությունը, որը ոչնչացրեց Չինաստանի ավանդական մշակույթը՝ խոշտանգելով և սպանելով մշակութային և տնտեսական էլիտային:
Այս խառը իրավիճակում մի նոր առաջնորդ երևան եկավ՝ Դեն Սյաոպինը, ով ընդունեց, որ Չինաստանը խեղճորեն հետ էր մնում կապիտալիստական աշխարհից։ Իր կարգախոսն էր՝ «թաքցրո՛ւ ուժդ և սպասի՛ր քո ժամանակին»։ Նա օտարերկրացիներին հրավիրեց ներդրումներ կատարել Չինաստանում, և դա հանգեցրեց հրաշք աճի ժամանակաշրջանի, որը շարունակվեց նույնիսկ Սի Ցզինպինի իշխանություն գալուց հետո 2013թ․-ին։
Այդ ժամանակից ի վեր Սի Ցզինպինն արել է ամեն բան, որպեսզի վերացնի Դեն Սյաոպինի նվաճումները։ Նա Դենի օրոք հիմնված մասնավոր ընկերություններին Չինաստանի Կոմունիստական կուսակցության ենթակայության տակ բերեց և կոտրեց նրանց բնորոշ դինամիկան։ Փոխանակ թույլ տար, որ մասնավոր ընկերությունները ծաղկեին, Սի Ցզինպինը ներկայացրեց իր սեփական «չինական երազը», որը կարելի է բնութագրել երկու բառով՝ բացարձակ վերահսկողություն։ Սա աղետալի հետևանքներ է ունեցել։
Ի տարբերություն Դենի, Սի Ցզինպինն իսկապես հավատում է կոմունիզմին։ Մաո Ցզեդունը և Վլադիմիր Լենինը նրա կուռքերն են։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի տոնակատարության ժամանակ նա հագնվել էր Մաոյի պես, մինչ դահլիճում բոլորը կոստյումով էին։
Ըստ Դենի ժամանակ հաստատված իրավահաջորդության կանոնների՝ Սի Ցզինպինի ղեկավարման ժամկետը պետք է ավարտվի 2022 թվականին։ Սակայն Սին, ոգեշնչված Լենինով, ամուր վերահսկողություն է ստացել բանակի և բոլոր մյուս ուժային և անվտանգության մարմինների նկատմամբ։ Նա մանրամասն բեմադրել է այն գործընթացը, որն իրեն կբարձրացնի Մաո Ցզեդունի և Դեն Սյաոպինի մակարդակի և իրեն ցմահ առաջնորդ կդարձնի։ Սրան հասնելու համար Սին ստիպված էր վերամեկնաբանել Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատմությունը, որպեսզի ցույց տա, որ այն տրամաբանորեն կհանգեցնի առնվազն ևս մեկ ժամկետով իր պաշտոնավարմանը։
Սի Ցզինպինը շատ թշնամիներ ունի։ Չնայած ոչ ոք չի կարող բացեիբաց ընդդիմանալ նրան, քանի որ նա վերահսկողություն ունի իշխանության բոլոր մակարդակների վրա, այդուհանդերձ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներսում պայքար է թափ առնում, որն այնքան սուր է, որ իր արտահայտությունն է գտել մի շարք կուսակցական հրապարակումներում։ Սիին ընդդիմանում են նրանք, ովքեր ոգեշնչված են Դեն Սյաոպինի գաղափարներով և ցանկանում են մասնավոր ընկերությունների համար ավելի մեծ դեր տեսնել։
Ինքը՝ Սի Ցզինպինը, հավատում է, որ հիմնում է կառավարման մի համակարգ, որն իր էությամբ գերազանցում է ազատական ժողովրդավարությանը։ Սակայն նա ղեկավարում է վախի միջոցով, և ոչ ոք չի համարձակվում նրան ասել այն, ինչ ինքը չի ցանկանում լսել։ Արդյունքում դժվար է փոխել նրա համոզմունքները, նույնիսկ, եթե նրա համոզմունքների և իրականության միջև ճեղքն էլ ավելի է լայնացել։
Չինաստանին տնտեսական ճգնաժամ է սպառնում, որի կենտրոնը անշարժ գույքի շուկան է, որն աճի հիմնական խթանն է եղել այն ժամանակից ի վեր, երբ Սի Ցզինպինը 2013 թվականին իշխանության եկավ։
Այն մոդելը, որի վրա հիմնված է անշարժ գույքի շուկայի բումը, կայուն չէ։ Բնակարաններ ձեռք բերողները պետք է սկսեն դրանց համար վճարել նույնիսկ նախքան դրանք կկառուցվեն։ Ուստի համակարգը պարտքով է կառուցված։ Տեղական կառավարման մարմիններն իրենց եկամտի մեծ մասն ստանում են մշտապես աճող գներով հողի վաճառքից։
Վաղ թե ուշ գները պետք է ավելի բարձրանային, քան հասարակ ժողովուրդը կարող էր թույլ տալ։ Սա տեղի ունեցավ 2021 թվականի կեսերին։ Այդ ժամանակ բումը հասել էր ոչ առողջ չափերի։ Այն հասնում էր մոտավորապես տնտեսության 30 տոկոսի և խլում էր անվերջ աճող վարկային միջոցներ։
Աստիճանաբար արագացումից հետո անշարժ գույքի շուկայի բումն ավարտվեց պայթյունով։ 2021 թվականի հունիսի դրությամբ բնակելի հողատարածքների գներն առավել քան 30 տոկոսով բարձր էին, քան նախորդ տարում։ Իշխանությունները փորձեցին տեմպերը դանդաղեցնել և բանկերին հրամայեցին չավելացնել բնակելի անշարժ գույքի համար տրվող վարկերը։
Այս հրահանգը հակառակ ազդեցություն ունեցավ, քան ակնկալվում էր։ Այն ամենամեծ կառուցապատողի՝ Էվերգրանդի (Evergrande) համար դժվարացրեց իր պարտավորությունների կատարումը։ Ենթակապալառուները, ում չէին վճարել, դադարեցրեցին աշխատանքները, իսկ մարդիկ, ովքեր բնակարաններ էին գնել, սկսեցին անհանգստանալ, թե կարող է երբեք էլ չստանան այն տները, որոնց համար վճարում էին։
Երբ սեպտեմբերին սկսվեց հիմնական վաճառքի սեզոնը, ավելի շատ վաճառողներ կային, քան գնողներ։ Մի որոշ ժամանակ գրեթե ոչ մի գործարք չէր կատարվում գովազդված գներով, իսկ այսօր թե՛ հողի, թե՛ բնակարանների գներն սկսում են ընկնել։ Սա բոլոր նրանց, ովքեր իրենց խնայողությունների մեծ մասն անշարժ գույքի մեջ են ներդրել, Սի Ցզինպինի դեմ կտրամադրի։
Էվերգրանդն (Evergrande) այժմ դատարանի կողմից պարտավորվել է վճարել իր պարտապաններին, և մյուս կառուցապատողները նույն ճակատագրին են արժանանում։ Էվերգրանդն (Evergrande) պարտապանները սկսել են պայքարել, որպեսզի սնանկության արդյունքում բաշխումների հարցում բարելավեն իրենց դիրքերը։ Դատարանները պատասխանատվություն ստանձնեցին, և նրանց առաջին քայլն էր պաշտպանել ենթակապալառուներին, որոնք ունեն մոտավորապես 70 միլիոն ներգաղթյալ աշխատող։
Մնում է տեսնել, թե իշխանությունները ճգնաժամի հետ կապված ինչ կանեն։ Նրանք միգուցե այս հարցին անդրադառնալը չափազանց շատ են հետաձգել, որովհետև մարդկանց վստահությունն այժմ սասանվել է։ Սի Ցզինպինն իր տրամադրության տակ շատ գործիքներ ունի, որպեսզի վերականգնի վստահությունը։ Հարցը նրանում է, թե արդյո՞ք նա դրանք ճիշտ կօգտագործի։ Իմ կարծիքով 2022 թվականի երկրորդ քառորդը ցույց կտա՝ արդյոք դա նրան հաջողվել է։ Ներկայիս իրավիճակը Սիի համար խոստումնալից չի թվում։
Անշարժ գույքի շուկայի հետ սերտ կապված է նաև Չինաստանում ժողովրդագրական լուրջ խնդիրը։ Ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, քան նշվում է հրապարակված թվերում։ Փորձագետները հաշվել են, որ բնակչության իրական թիվը մոտավորապես 130 միլիոնով ցածր է, քան պաշտոնական 1,4 միլիարդը։ Սա ոչ բոլորին է հայտնի, սակայն այն կսրի անշարժ գույքի շուկայի ճգնաժամը, կհանգեցնի աշխատուժի պակասի, կառաջացնի հարկաբյուջետային լարվածություն և կդանդաղեցնի տնտեսության աճը։
Սի Ցզինպինը նաև լուրջ խնդիրների է բախվել՝ կապված պատվաստանյութերի հետ։ Չինական պատվաստանյութերը նախատեսված էին Վուհանի տարբերակի դեմ պայքարելու համար, սակայն աշխարհն այժմ պայքարում է այլ տարբերակների դեմ․ նախ Դելտան, իսկ հիմա էլ Օմիկրոնը: Սի Ցզինպինը հավանաբար չէր կարող սա ընդունել, քանի դեռ սպասում է երրորդ ժամկետով նշանակվելուն: Նա դա թաքցնում է չինացի ժողովրդից՝ որպես մեղավոր գաղտնիք։
Միակ բանը, որ Սի Ցզինպինը հիմա կարող է անել, «զրոյական Covid»-ի քաղաքականություն պարտադրելն է։ Սա ներառում է համավարակի բռնկման ամենաչնչին նշանի դեպքում խիստ սահմանափակումներ, սակայն սա բացասաբար է ազդում տնտեսական գործունեության վրա: Այն նաև ծանր դժվարություններ է պատճառում այն մարդկանց, ում անմիջապես կարանտին են ուղարկում, անկախ նրանից, թե իրենք որտեղ են գտնվում, և իրենց բողոքները հնարավոր չէ լռեցնել:
Օմիկրոնը սպառնում է Սի Ցզինպինի տապալումը դառնալ: Այն շատ ավելի վարակիչ է, քան ցանկացած նախորդ տարբերակ, չնայած այդքան էլ վտանգավոր չէ բոլոր նրանց համար, ովքեր պատշաճ կերպով պատվաստված են: Բայց չինացիները պատվաստվել են միայն Վուհան տարբերակի դեմ, իսկ Սի Ցզինպինի մեղավոր գաղտնիքը պետք է բացահայտվի կամ Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, կամ քիչ ավելի ուշ:
Օմիկրոնը Չինաստան է մտել հիմնականում Տյանցզին նավահանգստային քաղաքով, որտեղից Պեկին արագընթաց գնացքով 30 րոպեի ճանապարհ է: Մինչ այժմ այն արդեն տարածվել է Չինաստանի մեծ թվով քաղաքներում: Այն այլեւս վերահսկողության տակ չէ։
Քանի որ Ձմեռային օլիմպիական խաղերը Սի Ցզինպինի համար հեղինակության հարց է, նրա վարչակազմը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Մրցակիցները հերմետիկորեն փակված են տեղի բնակչությունից, բայց միջոցառումից հետո այլևս իմաստ չի ունենա շարունակել ջանքերը: Ամբողջ քաղաքով մեկ արգելափակումները դժվար թե օգուտ տան Օմիկրոնի պես վարակիչ տարբերակի դեմ: Սա ակնհայտ է Հոնկոնգում, որտեղ Օմիկրոնի բռնկումը գնալով ավելի է լրջանում: Այնուամենայնիվ, «զրոյական Covid»-ի գինն օր օրի աճում է, քանի որ քաղաքը մեկուսացված է աշխարհից և նույնիսկ Չինաստանից։ Հոնկոնգն ընդգծում է այն ավելի լայն մարտահրավերը, որն Օմիկրոնը ներկայացնում է Սի Ցզինպինի համար:
Նա փորձեց բացարձակ վերահսկողություն հաստատել, սակայն դա նրա մոտ չստացվեց։ Հաշվի առնելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներսում ուժեղ ընդդիմությունը, Սի Ցզինպինի մանրակրկիտ բեմադրած վերելքը դեպի Մաո Ցզեդունի և Դեն Սյաոպինի մակարդակ կարող է երբեք էլ տեղի չունենա։
Մնում է հուսալ, որ Սի Ցզինպինին կփոխարինի մեկը, ով երկրի ներսում այդքան ռեպրեսիվ չի լինի, իսկ արտաքին հարաբերություններում ավելի խաղաղասեր կլինի։ Սա կվերացնի այն մեծագույն սպառնալիքը, որին այսօր բախվում են բաց հասարակությունները, և նրանք պետք է անեն իրենցից կախված ամեն բան՝ խրախուսելու համար, որ Չինաստանը շարժվի ցանկալի ուղղությամբ։
Շնորհակալություն։